Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է 2015-ի սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները կարգավորել: Նա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է ներկայացնել իրավական հայեցակարգի նախագիծ եւ միջոցառումների ժամանակացույց: Նա հանձնարարել է 1 ամսվա ընթացքում ուսումնասիրել ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը եւ Սահմանադրությանն ու սահմանադրական օրենքներին դրանց համապատասխանությունը, իսկ 3 շաբաթվա ընթացքում ներկայացնել այն օրինագծերի ցուցակը, որոնք ելնելով բարեփոխումներից՝ ենթակա են ընդունման կամ վերանայման:
Կարապետյանը գործադիրի մյուս գերատեսչությունների ղեկավարներին նույնպես հանձնարարել է օրինագծերը կարգավորել: 2 շաբաթում նրանք պետք է զեկուցեն, թե իրենց կազմած օրինագծերից որոնք են խորհրդարանում «առկախված» մնացել եւ ինչու: «Շատ օրինագծեր կան, որոնք արդեն երկար ժամանակ խորհրդարանում են, բայց չեն քննարկվում, չեն մոդիֆիկացվում եւ եզրակացություն չեն ստանում: Հարկավոր է դրանց վերջնական քննարկման կամ հետկանչի հարցը քննարկել»,- հավելեց Կարապետյանը: Հիշեցնենք, որ արդեն ընթանում է օրենսդրության ներդաշնակեցումը բարեփոխված Սահմանադրությանը:











