«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընկերության տարածքից քաղաքի Դեմիրճյան փողոց է սկսել թափվել մեծ քանակությամբ ջուր, ինչը նախ առաջացրել է քաղաքացիների զարմանքը, ապա նաեւ՝ զայրույթը: Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ գործարանից թափվող ջուրը հեղեղել է մի քանի փողոց: Նրանց խոսքով՝ գործարանից թափվող ջուրը, հնարավոր է, վտանգավոր լինի առողջության համար:

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարներն ու քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, որոնք գործարանի տարածքում ուսումնասիրություններ են կատարել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի լուծարային կառավարիչ Կարեն Ասատրյանը նշեց. «Այնտեղ մենք տեխնիկական ջուր ունենք, որը սարերից է գալիս, այդ խողովակն է տրաքել ու հակառակի պես հենց փողոց է թափվում ջուրը: Քանի որ խողովակների տրամաչափը շատ մեծ է, ջրի ճնշումն էլ բարձր, դա է պատճառը, որ թափվող ջուրն այդքան մեծ ծավալի է»:

Ինչ վերաբերում է թափվող ջրերի վտանգավորւթյանը, վերջինս վստահեցրեց, որ դա տեխնիկական ջուր է, ոչ մի վտանգավոր բան չկա: NEWS.am-ի թղթակիցը Կարեն Ասատրյանին առաջարկել է թույլ տալ մտնել գործարանի տարածք եւ տեսանկարահանել կոնկրետ վթարի վայրը, սակայն վերջինս կտրուկ մերժել է առաջարկը: