Նախընտրական քարոզչությունը չսկսած՝ արդեն իսկ հակաքարոզչություն է իրականացվում, ինչը ոստիկաններին անհանգստացնում է: Այդ մասին ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն այսօր՝ մարտի 2-ին, այցելել է Արագածոտնի մարզ եւ խորհրդակցություն անցկացրել:
«Չեմ ուզում, որպեսզի այս ընթացքում այս կամ այն կուսակցությունները, այս կամ այն գյուղապետերը, այս կամ այն ոստիկանապետերը ստեղծեն մի մթնոլորտ, որ ժողովրդին իրար դեմ կհանեն ու կչարացնեն, խստագույնս կպատժվեն մեր պարագայում ոստիկանները: Դեռ չսկսած քարոզչությունը՝ հակաքարոզչություն են անում, որը մեզ՝ ոստիկաններիս, անհանգստացնում է»,-հայտարարել է Գասպարյանը:
Նա անդրադարձել է նախօրեին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարությանը, որի հետեւանքով Սայաթ-Նովա գյուղի 23-ամյա Աբրահամ Ադամյանը որովայնի հատվածում կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել էր Մասիսի հիվանդանոց: Հիշեցնենք, որ տուժող Աբրահամ Ադամյանը ԲՀԿ ներկայացուցիչ է, իսկ դանակահարության մեջ կասկածվողը՝ ՀՀԿ ներկայացուցիչ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց թիմակցին դանակահարել է ՀՀԿ թեկնածու, պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իշխանության ներկայացուցիչ Մուրադ Մուրադյանը մեզ հետ զրույցում հերքել էր, որ որեւէ առնչություն ունի կողմերի հետ:
Այսօր Վլադիմիր Գասպարյանն էլ իր ենթականների հետ հանդիպման ժամանակ պնդել է, թե միջանձնային հարաբերություների հետեւանքով է ՀՀԿ-ականի ու ԲՀԿ-ականի միջեւ վեճն ավարտվել դանակահարությամբ:
«Խոսքն այն մասին է, որ այս կամ այն տեղերում ընդհարումներ են տեղի ունենում՝ դանակահարություն, կռիվներ եւ միանգամից լրատվական դաշտը լցվում է տեղեկատվությամբ, որ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները բախումների են գնացել: Հավատացեք ինձ, արջի ծառայություն մատուցողները շատ շատ են: Վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ այն միջանձնային հարաբերությունների արդյունքում է տեղի ունեցել,սակայն շտապում են հայտարարել, թե քաղաքական նկատառումներով է լինում»,-ասել է ոստիկանապետը:
Ի դեպ, նախընտրական քարոզչությունը դեռ չսկսած՝ արդեն Հանրապետական կուսակցության թեկնածուների միջեւ մի քանի անգամ սուր բախումներ են տեղի ունեցել:











