Մեր թիմը նման է մի մեծ ընտանիքի, որտեղ մեկը սիրում է ուսում ստանալ, մյուսը չար է, երրորդը՝ ճարպիկ, սակայն միահամուռ են՝ սիրով լցված։ Այս մասին այսօր՝ մարտի 8–ին, Արմավիր քաղաքում Հանրապետական կուսակցության հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մեր թիմը ներգրավված են Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր շերտերը; Մեր թիմն ունի ամենամեծ կառավարման փորձը, կան եւ ուսուցիչներ, եւ ուսանողներ, եւ գյուղատնտեսներ, եւ մշակույթի գործիչներ, եւ կառավարիչներ, իսկ կառավարման փորձը եւ դրական է, եւ բացասական։ Բացասական փորձը ճիշտ գնահատելով՝ կարող ենք հետագայում այդ բացասական երեւույթներից խուսափել։ Ես չեմ լսել մեկ այլ կուսակցություն, որը բարձրաձայն ասի՝ ունեցել ենք սխալներ, սա իրականում համարձակություն է պարունակում եւ բավականին իրատեսական մոտեցում է»,– ասաց Կարեն Կարապետյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենք հայտարարել են, որ փոխվել են եւ փոխվելու են. «Մեր թիմը նաեւ տարբերվում է շատ գրգռված վերաբերմունքով Արցախի նկատմամբ։ Ես համոզված եմ, որ Արցախն այն ճակատային գիծն է, որտեղ մեր կանանց ու աղջիկների արժանապատվության հարցն է որոշվում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում քիչ կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ ՀՀԿ–ն Արցախի դեպքում ոչ հետեւողական է լինելու»։

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ իրենց բոլոր նախընտրական ծրագրերն իրականություն են դարձնելու։

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին օրն է միացել մարզային նախընտրական հանդիպումներին: Նա եղել է Էջմիածնի Մայր տաճարում, մոմ վառել, ապա հանդիպել Էջմիածնի բնակիչների հետ: Վարչապետը նաեւ հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի մի քանի բնակավայերում, այդ թվում՝ Անկալիճ գյուղում, եղել է Մեծամորի ատոմակայանում: