Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մարտի 9-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում ընտրողների հետ հանդիպում է անցկացրել:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընտրողների առջեւ ելույթ ունեցած Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ խորհրդային իշխանությունն այնպիսի համակարգ էր ստեղծել, որի պայմաններում հայ ժողովուրդը սկսեց վերածնվել: «70 տարում բնակչության թիվն ավելացավ մինչեւ 3,7 մլն մարդ, իսկ Երեւանում բնակվում էր մոտ 1 մլն 200 հազար մարդ: Խորհրդային իշխանությունների տարիներին Հայաստանը դարձավ հզոր արդյունաբերական երկիր: Մենք ձեզ կոչ ենք անում կուսակցությանն ընտրել, որը ժողովրդին առաջ ընթանալու հնարավորություն է տվել: Մենք արտադրող երկիր էինք եւ արտահանող երկիր: Իսկ հիմա դարձել ենք ներմուծող եւ սպառող երկիր»,- ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:
Այնուհետեւ շարունակեց, որ Կոմկուսի խնդիրը Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելն է: «Վերագործարկել մեր բոլոր գործարանները՝ «Նաիրիտը», «Հայէլեկտրամեքենան», անվադողերի գործարանը եւ այն բոլոր գործարանները, որոնք մեր ժողովրդի ստեղծագործական մտքի եւ փառքի արգասիքն էին»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:
Մասիսի 67-ամյա բնակիչ Սանասարը դժգոհեց Հայաստանի ներկայիս առողջապահական համակարգից: «Կոմունիստական կառավարման տարիներին մենք ոչ մի խնդիր չունեինք: Մենք նորմալ կյանքով էինք ապրում: Հենց Խորհրդային Միությունը փլուզվեց, սկսվեց մեր դաժան կյանքը»,- նշեց նա:
91-ամյա Աշոտ պապիկը, իր հերթին, հավաստիացրեց, որ մինչեւ մահ կմնա «լենինյան մարտիկ»:
Ինչ վերաբերում է Արարատի շրջկոմի քարտուղար Գուգեն Թեւոսյանի վիճակին, Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նա արդեն տանն է: «Մենք խոսել ենք գլխավոր բժիշկի հետ, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է»,- հավելեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Արարատի շրջկոմի քարտուղար Գուրգեն Թեւոսյանը Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ սայթաքել եւ ընկել էր, նրան հիվանդանոց էին տեղափոխել:











