Մարզերում կյանքը որակը չպետք է զիջի մայրաքաղաքում կյանքի որակին: Նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ համապետական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ընդամենը օրեր առաջ է Կապանում «Հայփոստ»-ի գրասենյակում բացվել պետական ծառայությունների գրասենյակը՝ դյուրացնելով մի շարք ծառայություններ ստանալու հնարավորությունը: «Այսուհետ ստիպված չեք լինի դրա համար Երեւան հասնել, հերթեր կանգնել, ժամանակ ու ռեսուրսներ ծախսել»,- վստահեցրեց Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանը համոզված է, որ Կապանը կարող է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարեւորագույն քաղաքներից դառնալ: «Այստեղ արդեն գործում է Մոբայլ լուծումների կենտրոնը, իսկ մի քանի ամիս անց կսկսի գործել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների երկամյա կրթության ուսումնական կենտրոնը: Սա շատ լավ հիմք է, որը կնշանակի ե՛ւ աշխատատեղ, ե՛ւ զարգացում այս ոլորտում»,- հավաստեց նա:
Մարզում նաեւ առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրներ կան: Այս տարի արդեն ոլորտի աշխատողների գնահատման ծրագիր ենք իրականացնելու:
«Ծրագրերի ցանկը կարող եմ շարունակել, բայց ուզում եմ վստահեցնել, որ այդ ցանկի յուրաքանչյուր հատվածի առումով մենք ունենք հստակ պատկերացումներ եւ քայլերի հաջորդականություն: Պատահական չէ, որ Սյունիքում ինձ զբաղեցնում է մի միտք. երազանքներին հասնելու համար շատ բան պետք չէ: Եկեք միասին հավատով եւ վստահությամբ առաջ շարժվենք՝ դեպի մեր երազած երկիրը, առաջընթաց ապրող, անվտանգ եւ, իհարկե, արդար Հայաստանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:











