Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գոնե Արցախի հարցում վստահ է, որ ՀՀԿ-ն երբեւէ թույլ չի տա, որ մեր ամբողջ ազգի ապագան, որը որոշվում է այսօր Արցախի առաջնագծում, լինի թերի:  Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս հարցում ՀՀԿ-ն վճռական է եւ հետեւողական:

Վարչապետի խոսքով՝ ՀՀԿ թիմը բավականին բազմաշերտ է, ներկայացնում է հանրապետության բոլոր շերտերը. այստեղ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել իրեն եւ իր տեսակին, ինչը մի կողմից դրական է, մյուս կողմից՝ քննադատությունների առիթ է դառնում:

«ՀՀԿ-ն նաեւ կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն կա»,- ասել է Կարապետյանը:

Նա նաեւ հավելել է, որ այդ ուղղությամբ արդեն տեսանելի քայլեր արդեն արվել են. ՀՀԿ-ն թիմը համալրվել է նոր, բանիմաց, հայրենասեր թիմակիցներով, որոնք բավական ուժ ու եռանդ ունեն «լավ բաներ անելու մեր երկրի համար»: