Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Տավուշի շրջանի բնակիչներին նոր աշխատատեղեր է խոստանում։
Իջեւանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը, ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագիրը, նշել է, որ մի շարք այլ նախաձեռնությունների հետ միասին ծրագրվում է նոր աշխատատեղեր ստեղծել։ Մասնավորապես «Տավուշ- տեքստիլ» ձեռնարկության մասնաճյուղերի օգնությամբ ծրագրվում է ստեղծել ավելի քան 900 աշխատատեղ։
«Մենք ձեզ չենք խոստանում, որ ամեն ինչ լավ կլինի ու միանգամից։ Մենք չենք խոստանում այն, ինչը իրականացման քիչ շանսեր ունի»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Նրանից հետո ելույթ ունեցող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սկսել է փիլիսոփայական դատողություններից մարդու կյանքում ընտրության կարեւորության ու նշանակության մասին։
«Պատկերացրեք երկու մարդու, որոնք ձեզ մեքենա են խոստանում՝ մեկը խոստանում է մի մեքենա, որը պետք է սարքել, բայց այն լավ կաշխատի։ Երկրորդը խոստանում է մեքենա, որը աշխատում է առանց վառելիքի, ու պատրաստ է այն անվճար տալ։ Երբեմն ընտրությունը մեզնից պահանջում է գործադրել ջանքեր, բայց պետք է ընտրել իրատեսական տարբերակը։ Շատերը խոստանում են, իսկ վաղը կասեն՝ դե ի՞նչ կարող էինք անել։ Չէ՞ որ մենք մեծամասնություն չենք»,- նկատեց Վիգեն Սարգսյանը։ Նա արձանագրել է ոլորտում բազմաթիվ խնդիրների առկայություն։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ վարչապետի որոշումով ձեւավորվել է ոլորտի խնդիրների լուծման հարցերով միջկառավարական հանձնաժողով։ «Որոշ համայնքներում դա թաքստոցների, պաշտպանական պատերի շինարարություն է, տնտեսական խնդիրների լուծում»,- նկատել է Վիգեն Սարգսյանը։











