ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գեւորգ Բաղդասարյանը Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատների՝ դատախազության դիմաց նստացույց անելն անընդունելի է համարում: Նրա խոսքով՝ պայքարի այս ձեւն ընդունելի չէ առաջին հերթին այն պատճառով, որ այս դեպքում վիճելի մասնագիտական հարցեր կան եւ դրանց գնահատականը պետք է տա դատարանը:
«Հարազատներին ընդունելության ժամանակ ասել ենք, որ պայքարի այս ձեւն ընդունելի չէ առաջին հերթին այն պատճառով, որ այս դեպքում վիճելի մասնագիտական հարցեր կան եւ դրանց գնահատականը պետք է տա դատարանը եւ նման միջոցառումները դատավարության վրա ազդել չեն կարող»:
Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ ամբաստանյալների հարազատների այն հայտարարությունը, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրենց հետ հանդիպման ժամանակ կալանավորվածների անուններ է տվել եւ նշել, եթե ընդունեն իրենց առաջադրված մեղադրանքը՝ ազատ կարձակվեն, իրականությանը չի համապատասխանում:
«Ամբաստանյալներից 4-ի հարազատներն են ընդունելությանը ներկա գտնվել, գլխավոր դատախազը շատ հակիրճ պատասխաններ է տվել: Հարազատներին հետաքրքրել է դատավարության հետագա ճակատագիրը, դատախազը պարզաբանում է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հնարավորությունների մասին: Հենց ամբաստանյալների հարազտաների ցանկությամբ այդ պարզաբանումներն ավելի անհատականացվել են: Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատժի չափը տարբերակելու պահանջ, պատիժը նշանակելու դեպքում դա կրելու, կամ չկիրառելու անհրաժեշտությունը: Ցանկացած դեպքում, պատիժը պայմանականորեն չկիրառելիս հատուկ կարեւորություն է տրվում ամբաստանյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելուն եւ զղջալուն: Գլխավոր դատախազի կողմից բացառապես այս մասով պարազաբանումներ է ներկայացրել, առաջարկներ չեն արվել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ պարզաբանումները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ դատավարաության համար, համաձայն չեմ»,-ասաց նա:
Մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի խոսքով, 10 կալանավորվածների հարազատների այն պնդումները, թե իրենց բարեկամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ այս գործն իրավաբանության հետ կապ չունի, անընդունելի են:
«Այս գործում քաղաքական որեւէ աստառ չկա եւ չի կարող լինել: Բոլոր բարձրացված հարցերը եւ դրանց տրված պատասխանները յուրաքանչյուր իրավաբանի էլ հասկանալի է, որ փաստարկներն ու հակափաստարկները ամբողջությամբ մասնագիտական են: Մի քանի անգամ դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, դիմումներին պարզաբանում է տրվել, թե ինչու է արարքը նման ձեւ որակվել, նաեւ դատախազության դիրքորոշումն է վերահաստատվել, որ մեղադրանքը հիմնավոր է: Նրանց հստակ պարզաբանվել է, որ ամբաստանյալները միասնական դիտավորությամբ են գործել, իսկ միասնական դիտավորության դեպքում՝ հանրային վտանգավոր հետեւանքները վերագրվում են միասնական դիտավորությամբ գործած բոլոր անձանց»,-ասաց նա:
Կալանավորվածների հարազատներից Հրաչյա Բոյաջյանի կինն էլ՝ Նարինե Ղազարյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց արդեն 20 օրից ավելի է նստացույց է անում, մեզ հետ զրույցում նշեց, որ եթե իրենց առաջարկությունը գլխավոր դատախազությունը չբավարարի՝ կդիմեն ծայրահեղ քայլի՝ հացադուլի:
«Մեզ ասել են, որ այստեղ նստելն իմաստ չունի, քանի որ գործն ընթացքի մեջ ա: Ես այսօր կմնամ այստեղ, բայց վաղվանից չեմ գա երկու օր, բայց այդ երկու օրվա մեջ պետք է գործն արագացնեք՝ վերանայեք գործը, մեր փաստաբանների՝ մեղադրանքի մասը փոխելու միջնորդությունը քննարկեք: Եթե ոչ, մենք երկուշաբթի օրվանից վերսկսելու ենք մեր նստացույցը, նաեւ հացադուլ ենք անելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները:











