Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վիճելի արդյունքների դեմ Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Մերսինում, Ադանայում, Քոնյայում, Այդընում Չանաքքալեում եւ այլ քաղաքներում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել Կենտրոնական ընտրական հանձանաժողովի սկանդալային որոշման դեմ, որով առանց կնիքի քվեաթերթիկները վավեր են համարվել։

Նշված քաղաքներում բողոքի ակցիայի մասնակիցները բացականչել են, որ չեն ընդունում ԿԸՀ-ի շնորհիվ տեղի ունեցած անարդար ընտրության արդյունքները։

Մի շարք քաղաքներում հավաքվածները բողոքի ակցիաներով շարժվել են ԿԸՀ-ի գրասենյակներ։

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը որոշ դեպքերում բռնություն է կիրառել ու ձերբակալել մի քանի տասնյակ մասնակցի:

Նշենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ն անվավեր համարվող առանց կնիքի քվեաթերթիկները, որոնք եղել են «այո» քվեարկված, համարել է վավեր, ինչն էլ ապահովել է Էրդողանի հաղթանակը։

Թուրքիայի ընդդիմադությունը պահանջում է նոր ընտրություն կազմակերպել, քանի որ առհամարվել է ժողովրդի կամքն ու օրենքը։

ԿԸՀ-ի տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 51,4 տոկոս ձայն։