Զանգվածային անկարգությունների գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը այսօր՝ մայիսի 12-ին, դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով համապատասխան քայլեր ձեռնարկել իր եւ իր պաշտպանյալի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ դատարանը խոչընդոտում է իր փաստաբանական գործունեությանը:

Ըստ Արարատ Խանդոյանի պաշտպանի, լարված մթնոլորտում է անցել ապրիլի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արարատ Խանդոյանի գործով նիստը:  Երբ նիստում մեղադրողն առարկություններ է ներկայացրել պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների դեմ, Արարատ Խանդոյանը միջամտել է՝ ներակայցնելով իր տեսակետը, սակայն, նրա նկատմամբ դատարանը կիրառել է դատական սանկցիա՝ նախազգուշացում, ինչից հետո էլ Խանդոյանը պնդել է, որ հայտարարություն պետք է անի, դատարանն էլ այս անգամ կիրառել է ավելի խիստ սանկցիա՝ դատական նիստերի դահլիճից հեռացրել նրան: Պաշտպան Ղարագյոզյանն էլ իր պաշտպանյալին դատական նիստից հեռացնելուց հետո նույնպես լքել է դատական նիստերի դահլիճը:

Նույն այդ օրը դատարանն որոշում է կայացրել հանրային պաշտպան հրավիրելու մասին այն դեպքում, որ Արարատ Խանդոյանը չի հրաժարվել իր պաշտպանից եւ դատական նիստի ժամանակ հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայությունից: Սակայն, Արարատ Խանդոյանը հայտարարել է, որ հանրային պաշտպան պետք չէ, եւ դատարանը չպետք է որոշի, թե ով պետք է ներկայացնի իր շահերը դատարանում.

Սակայն դատարանը որոշել է հանրային պաշտպանին ներգրավել որպես Արարատ Խանդոյանի պաշտպան:

Ներկայացնում ենք Արա Ղարագյոզյանի դիմումը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Հարգելի պարոն Թաթոյան, թեպետ մարդու իրավունքների պաշտպանը չի միջամտում դատական գործերին, սակայն ակնկալում ենք Ձեր աջակցությունը այս հարցում եւ հուսով եմ, որ 18.05.2017 թ ժամը 12.00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ձեր աշխատակազմից մարդ կուղարկեք վերը նշված ապօրինի դատավարությանը»: