Երեւանում մայիսի 13-ին երեկոյան, նախնական տվյալներով, իրենց որդու կողմից դանակահարված ամուսիններին առաջին օգնությունը ցուցաբերել է նրանց հարեւանուհին:

NEWS.am-ի հետ զրույցում, Կանջարյան ամուսիններին օգնություն ցուցաբերած տիկին Մագդան պատմեց, որ երեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում իրենց հարկի միջանցքից բարձր ձայն է լսել, դուռը բացելուց հետո արնաշաղախ վիճակում տեսել իր հարեւանուհուն՝ Գայանե Մաժինյանին:

«Գայանեն կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս, ամբողջությամբ արյան մեջ էր, ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Երբ ուզում էի նրան մոտենալ, տնից դուրս եկավ Սուրենը՝ նրա ամուսինը, նույնպես արնաշաղախ վիճակում ու հարցնում էր՝ Գայանեն ողջ է, թե ոչ»,- պատմեց տիկին Մագդան:

Հարեւանուհին պատմեց, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Կանջարյանների 21-ամյա որդին ծնողներին դանակահարելուց հետո դանակը թողել է դեպքի վայրում եւ իրեն ցած է նետել 6-րդ հարկի պատշգամբից: Տիկին Մագդայի խոսքով, 21-ամյա Վլադիմիրն ընկել է շենքի մոտ կայանված մեքենայի վրա եւ հրաշքով փրկվել: Ամուսիններն ու նրանց որդին տեղափոխվել են հիվանդանոց:

Տիկին Մագդան նշեց, որ Կանջարյաններն օրինակելի եւ կրթված ընտանիք են: Գայանե Մաժինյանն աշխատում է նախարարություններից մեկում, իսկ նրանց որդին սովորում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Կանջարյանների հետ ապրում է նաեւ նրանց տատիկը, որը դեպքի պահին տանը չի եղել: Թե իրականում ինչի պատճառով է վիճաբանություն եղել, դեռ հայտնի չէ: