Հայաստանում հետընտրական շրջանում քաղաքական եւ հասարակական ուժերի կոնսոլիդացիայի կարիք կա: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ստեղծված իրավիճակում հարկավոր է խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական լայն կոնսոլիդացիա:  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը նախընտրական դաշինք էր եւ այժմ նոր ուժ ստեղծելու խնդիր կա»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպում է ունեցել Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ եւ հետաքրքրվել՝ արդյոք կցանկանան քաղաքական, հետընտրական առօրյա պայքար տանել:

«Ասել եմ, որ «Ժառանգությունը» մեկ ամսից համագումարի է գնում, եւ որոշեն՝ արդյոք կցանկանան հետընտրական պայքար տանել:  «Ժառանգությունը» իմ կարծիքով, իր ամբողջ ծառայություններով ցույց է տվել, որ պայքարել է երկրի անկախության, մարդու իրավունքների համար: : Կարծում եմ, որ այդ դպրոցը պետք է շարունակվի»,-ասաց նա: