ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հարուստների քսակները դատարկելու վերաբերյալ իր հայտարարությանը: Այսօր՝ մայիսի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտի 90-րդ տարեդարձի առթիվ ընդամենը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը. «Իմ խոսքն էր, որը մեջբերել եմ Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքերից. «Պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգեւորականները պետք է աղոթեն զինվորների հաղթանակի ահմար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պետք է համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները եւ մենք միաբանված կարող ենք հաղթել»»,-ասաց նա:

Լրագրողների հարցին՝ ամենաշատ հարուստները ՀՀԿ-ում են եւ ինչո՞ւ Գարեգին Նժդեհի խոսքերին չեն հետեւում, չեն բացում քսակները, հակառակը՝ ավելի են ուռճացնում, նա պատասխանեց. «Հարուստն ու շատ փող ունենալը տարբեր բաներ են, դուք տրամաբանեք: Եթե լավ ուսումնասիրեք, ապա կարող եք տեսնել, որ եւ մեր կուսակցության անդամները, եւ սփյուռքահայերը, շատ հայորդիներ ըստ արժանվույն ներկայացնում են իրենց ներդրումը ազգի եւ պետության համար: Մենք ունենք շատ մարդիկ, որոնք քրիստոնեաբար ինչ անում են, չեն խոսում: Մենք, դժբախտաբար, այլ արժեհամակարգով ենք ապրում. վատ բաները պետք է ասենք եւ ապաշխարենք, իսկ լավ բաները պահենք մեր մեջ, թող հասարակությունն ասի»: