Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարությունում նույնպես կար աշխատակազմի ղեկավար-նախարար հաստիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ աշխատակազմի նախարար-ղեկավար պաշտոնը ստեղծվել էր Դավիթ Հարությունյանի համար:
«Եթե դուք նայեք դինամիկան, ապա աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը եղել է նաեւ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, իսկ այդ ժամանակ Դավիթ Հարությունյանն արդարադատության նախարար էր: Կառավարությունում աշխատակազմի փոփոխությունը պայմանավորված չէ միայն կարգավիճակի փոփոխությամբ, կախված է նաեւ աշխատանքի ծավալով: Ես եղել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ծավալի պատասխանատվության առումով դա չի զիջել նախարարին»,-ասաց նա:
Նշենք, որ քննարկվում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պատոնը դարձնել միայն աշխատակազմի ղեկավար եւ քաղաքականից փոխել հայեցողական պաշտոնի:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ուռճացված աշխատակազմում կրճատումներին, որն արդեն սկսել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Հրայր Թովմասյանն ասաց. «Իմ պաշտոնավարման ընթացքում 56 հաստիք է կրճատվել, ցանկացած կառույցում միշտ կա կրճատման անհրաժեշտություն»:











