Մենք կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 100 մարմին, բայց դրանք արդյունավետ չգործեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության նախաձեռնությանը: «Այսինքն նման մարմնի ստեղծումը դեռեւս չի երաշխավորում այդ մարմնի արդյունավետությունը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետների գլխավորությամբ տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարի գործող խորհուրդներ են եղել, ինչ արդյունքներ են արձանագրվել դրանց աշխատանքի արդյունքում. Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Արդյունքները ես կդժվարանամ գնահատել: Բայց այդ բոլոր խորհուրդները խորհրդատվական բնույթ են ունեցել, այսինքն՝ գործուն որեւէ լծակ չունեցող սուբյեկտներ են, մարմինն ինքնին խորհրդակցական բնույթի է: Իսկ այս մարմինը, որ ստեղծվում է, հսկողական, վերահսկողական եւ որոշակի նաեւ գործադիր ֆունկցիաներ ունեցող սուբյեկտ է լինելու, որի գործունեությունն արդյունավետ չլինի»:
Նրա խոսքով, երբ այդ լիազորությունները տալիս ես ինչ-որ սուբյեկտի, դրանց կատարման արդյունավետությունը չափելի է դառնում. «Խորհրդակցական մարմնի գործունեությունը չափելի չէ: Եթե խոսքը վերաբերում է այնպիսի մարմնի, որն ունի եւ պետք է ունենա չափելի գործողությունների հաջորդականություն, այդ չափելիությունն այդ մարմնի համար պարտավորություն է ստեղծում, որովհետեւ ինքն իր գործունեության մասին ամեն անգամ եւ հաշվետվություն պետք է ներկայացնի, եւ էլ չեմ խոսում, որ այդ գործունեությունն այնքան հրապարակային է լինելու, որ մենք բոլորս կարողանանք գնահատել արդյունավետությունը»:
Նրա կարծիքով՝ որպես կանոն, այդ մարմինների ձեւավորումն ու այդ մարմինների անկախությունն առաջին հերթին ինստիտուցիոնալ տեսակետից է հիմնավորվում, հետո արդեն ըստ բովանդակության:
«Մենք քաղաքական տեսակետից կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ: Պետք է լինի այնպիսի մարմին, որ բոլոր անդամներն այն չափանիշներին համապատասխանեն, այն ձեւով ընտրվեն, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: Մեխանիկորեն այդ անդամներից 5-ից 4-ն էլ ընդդիմության ներկայացուցիչ լինեն՝ դա դեռեւս չի երաշխավորում այդ մարմնի ե՛ւ անկախությունը, ե՛ւ աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն՝ ինքնանպատակ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչ լինի»,-մեկնաբանեց նախկին գլխավոր դատախազը եւ ավելացրեց, որ եթե խնդիրը այն է, որ մարմնում անպայման պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի, որպեսզի մարդիկ այդ մարմնի մասին խոսեն որպես անկախ հասարակական ընկալման մասին, ինքը համաձայն չէ:
«Այդ մարմնի անկախություն ու հասարակական ընկալումը մենք ունենալու ենք նրա գործունեության արդյունքում»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, նոր մարմինին տրվում են լրացուցիչ գործիքներ, որպեսզի նա կարողանա պաշտոնյաների հայտարարագրերի հիման վրա վերլուծությունների արդյունքում կայացնի համապատասխան որոշումներ:











