Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարվա առաջին եռամսյակում կազմել են 14,9 մլրդ դրամ, այս տարի եղել է 19,4 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Այսինքն՝ մեզ մոտ զուտ ներհոսքը դրական է, շուրջ հինգ միլիարդ դրամով ուղղակի օտարերկրյա ներդրումներով՝ զուտ ցուցանիշի առումով, ունեցել ենք աճ», - ասաց նախարարը։
Անդրադառնալով հարկերի հավաքագրմանը՝ ֆինանսների նախարարն ասաց, որ ապրիլին Հայաստանն ունեցել է 107.5 միլիարդ դրամի հարկերի հավաքագրում։
«107.5 միլիարդ հարկերի հավաքագրման ցուցանիշը դա այն ամսական այն ծրագիրն է, որով մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում», - ասաց Վ. Արամյանը։
Նրա խոսքով՝ գրեթե նմանատիպ ցուցանիշ գրանցվել է նաեւ մայիսին. «Նախորդ տարիներին, մայիսի ցուցանիշը 91 մլրդ դրամի կարգի է եղել, իսկ այս տարի ունեցել ենք 92,5 մլրդ դրամի հավաքագրում»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 6 ամիսներին հարկերի հավաքագրման ցուցանիշներն աճում են:











