Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի հետաձգել: Ըստ Sunday Times-ի՝ ահաբեկչությունից հետո այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը:

Իշխող պահպանողական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դադարեցնելու է նախընտրական արշավը, սակայն կուսակցական մի քանի ղեկավարներ համաձայն չեն վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ կարծում են, որ պետք չէ դադարեցնել ընտրարշավը:

«Ահաբեկիչներն ատում են քվեարկությունը, ատում են ժողովրդավարությունը: Մենք պետք է ցույց տանք, որ մեզ չեն վախեցնի: Հարկավոր է ցույց տալ, որ մենք հասկանում ենք քաղաքացիական իրավունքների ու ազատությունների կարեւորությունը»,- հայտարարել է Խանը:

Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը հայտարարել է, որ չնայած քարոզարշավի դադարեցմանը՝ քվերարկության օրը հետաձգելն անհնար է: «Մենք ուզում ենք հարգանք ցուցաբերել զոհերի եւ տուժածների հանդեպ: Մյուս կողմից՝ մարդիկ, որոնք դա անում են, ատում են մեր ազատությունները»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է նախարարը:

Շոտլանդական ազգային կուսակցությունն ու լեյբորիստները հայտարարել են, որ հարկավոր է դադարեցնել ընտրարշավը: