Շուկան է որոշում գինը, եթե գյուղմթերքը չի վաճառվում, հաստատ կէժանանա, եթե վաճառվում է, ուրեմն նորմալ է, շուկայական գին է. ի վերջո, գյուղացու հետ ավելի հեշտ է բանակցել գինը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Երեւանի Կասյան փողոցի վերին հատվածում բացված գյուղատնտեսական տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Ոչ մեկը չի արգելում մարդկանց բանակցել: Գյուղացին նայում է տեսնի, թե գնորդը որքան կվճարի իր ապրանքի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, տեխնոլոգիաների բացակայությանը, նախարարն ասաց. «Այստեղ ավելի շատ ոչ թե վերամշակման, այլ հենց աճեցման մեջ նոր տեխնոլոգիաների խնդիրն է: Մենք ներկայացրել ենք ծրագրեր կաթիլային համակարգի ներդրման, որը թույլ կտա թե ջրի ծախսը նվազեցնել, թե բերքատվության քանակն ու որակը բարձրացնել:
Դրանից հետո գյուղտեխնիկայի հետ կապված երկու ծրագիր ենք սկսել, որը նույնպես թույլ կտա բերքատվությունը բարձրացնել: Դրանից հետո գալիս է սերմի որակը: Իսկ վերամշակողը կգնի այն, ինչը կաճեցնեն: Հավատացեք, որ շուկան կա, պետք է կոնսոլիդացնել այդ ամենը եւ կարողանալ ավելի մեծ քանակով առաջարկել»:











