Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա: Անդրադառնալով Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ուզում եմ փաստել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև  խմբում մեր երկարամյա համագործակցությունը տարիներ ի վեր եղել է արդյունավետ և կառուցողական: Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության և կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման և ներառական տնտեսական աճի ապահովման կարևորագույն նախապայմանն է: 

Համաշխարհային բանկի հետ համագործակցային հարաբերությունները ևս մեծագույն կարևորություն են ներկայացնում մեզ համար: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն էական նշանակություն են ունեցել տնտեսության, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կարևոր ուղղություններ ֆինանսավորելու համար՝ ապահովելով ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև զարգացում և առաջընթաց:

Պետք է նշել նաև, որ թեև մեր խմբի մեջ մտնող երկրները տարբերվում են իրենց տնտեսական կառուցվածքներով և զարգացվածության աստիճաններով, սակայն այսօր համաշխարհային տնտեսությունից ներթափանցող մարտահրավերներն ստեղծում են խնդիրներ, որոնք, անկախ վերը նշվածից, բնորոշ են բոլորին: Հետևաբար, կարևոր է նաև

այս քննարկումների արդյունքում համատեղ ջանքերով գտնել այն լուծումները, որոնք կիրառելի կլինեն մեր երկրներում»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների տնտեսական զարգացումները պարտադրեցին տնտեսություններին բախվել արտաքին աշխարհից ներթափանցող ցնցումներին, որի արդյունքում երկրների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, գրանցվեց պետական պարտքի մակարդակի էական աճ: «Վերջինս թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է: Սակայն հարկաբյուջետային կոնսոլիդացիան իր հերթին ունի գին, և այդ գինը պետական հատվածի հաշվին տնտեսական աճի հետագա խթանման սահմանափակվածությունն է: Հետևաբար, լուծումը միջազգային ֆինանսական կառույցների գործիքների օժանդակությամբ մասնավոր հատվածին ուղղվող ֆինանսավորման ընդլայնումը կառավարության կառուցվածքային բարեփոխումներին զուգակցելն է՝ այն իրականացնելով արագ և ներդաշնակ: Այստեղ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության ծրագրերը նույնպես արժեքավոր դեր կարող են ունենալ` մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալները մեծացնելու և պետություն-մասնավոր համագործակցության ծրագրեր նախագծելու և իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով, կցանկանայի բոլորի ուշադրությունը հրավիրել նշված հարցին և կարծում եմ, որ վերջինս կարող է դառնալ օրակարգ՝ հետագա քննարկումների համար», - նշել է Հայաստանի վարչապետը: