Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, հեռացված «Սասնա ծռեր» զինված խմբի 16 անդամները վերադարձվեցին նիստերի դահլիճ:
Դատավորի մտնելիս չկանգնելու պատճառաբանությամբ Արտուշ Գաբրիելյանն ավելի վաղ հեռացրել էր 18 ամբաստանյալներից 16-ին եւ հայտարարել 10 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո պաշտպան Գրիշա Բալասանյանը հայտարարեց, որ նման պայմաններում հնարավոր չէ նիստը շարունակել, քանի որ բացակա պաշտպաններ կան եւ այդպիսով խախտվում է ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, չհամաձայնվեց. այս փուլում պաշտպանների ներկայությունը կարեւոր չէ: Գրիշա Բալասանյանը կրկին հայտարարեց, որ բացակա պաշտպաններ կան:
«Դուք անկողմնակալ լինել չեք կարող, դիմում գրեք, որ ձեզ վարույթից հեռացնեն»,- ասաց պաշտպանը:
Դատավորը հայտարարեց, որ պաշտպաններից Մոնիկա Մարգարյանը հրաժարվել մտնել նիստերի դահլիճ: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Նշենք, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին մինչ այդ փորձել էին մտնելիս խուզարկել, պաշտպանը հրաժարվել էր, որից հետո նրան թույլ չէին տվել մտնել դատարան:
Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:











