Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդ պահված բժիշկները գաղտնի փախել են, ոչ թե հեռացել խմբի անդամների կամքով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լրագրողների հարցին՝ իշխանությունը խոստացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին պատասխանատվությունից ազատել՝ եթե նրանք հանձնվեին, ինչո՞ւ իշխանությունը չկատարեց խոստումը, դատախազը մանրամասնեց, թե պատժից ազատելու խրախուսական դրույթը ոչ բոլոր քրեական հոդվածներով է նախատեսվում։

«Դա խոստում չէր, դա օրենքով սահմանված պահանջի հրապարակում էր։ Այսինքն՝ նույնիսկ եթե չհրապարակվեր այդ պահանջը եւ, ձեր բառերով ասած՝ խոստումը տրված չլիներ, դա իրագործվելու էր, որովհետեւ այն հիմնական հոդվածները՝ քրեական օրենսգրքի 218, 219 հոդվածները ունեն էդպիսի խրախուսական նորմ։ Այդ նորմերով ասվում է՝ պահանջներից հրաժարված եւ պատանդներին կամովին հանձնած,շենքերը ազատած անձը ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նրա արարքում այլ հանցակազմ չկա։ Ամբողջ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների արդյունքում գնահատվեցին էս չափանիշները, եւ ունեցանք արդյունքում հետեւյալը, որ անձանց որպես կանոն մեղադրանք են առաջադրվել նշվածս հոդվածներով, բացի դրանից՝ ապօրինի ռազմամթերք հափշտակելու մեղադրանքով, որը խրախուսական նորմ չի պահանջել»,–մանրամասնեց Արթուր Դավթյանը։

Ըստ գլխավոր դատախազի՝ քանի դեռ ազատված չէր ՊՊԾ գնդի տարածքը, իրավապահ մարմինները չգիտեին, որ խմբի անդամների մոտ կար նաեւ զենք-զինամթերք։

«Հուլիսի 31–ին զենքը վայր դրած 20 անձանց տեսանք, որոնք կամովին հանձնել են շենքը։ Հիմա անդրադառնանք պատանդներին, որի հետ կապված մեղադրանք է առաջադրված 218 հոդվածով, այսինքն՝ այն անձինք են դիտարկվել որպես պատանդներ, ովքեր փախուստի են դիմել ՊՊԾ գնդից, ում կամովին չեն ազատել զինված խմբի անդամները»,–ասել է Դավթյանը։