Միգրանտները կրկին գրոհել են իսպանական Սեուտա քաղաքի սահմանին գտնվող պատը, կան տուժածներ։ Շուրջ 70 աֆրիկացի միգրանտներ մարմնական վնասվածքներ են ստացել՝ փորձելով անցնել Մարոկկոյի եւ Սեուտայի միջեւ գտնվող պատի վրայով։ Այս մասին հաղորդում է Կարմիր խաչը։ NTDTV-ի փոխանցմամբ՝ 14 մարդու հիվանդանոց են տեղափոխել։ 

Աֆրիկյան երկիրը Եվրամիությունից բաժանող շինության բարձրությունը 6 մետր է։ Վերեւի հատվածում փշալար կա։ Ընդհանուր առմամբ, այս անգամ այն փորձել է հաղթահարել 200 մարդ։ Նրանք բոլորը Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներից են։ Ոստիկանության տվյալներով՝ շուրջ 60 մարդ կարողացել է իսպանական կողմում հայտնվել։

1000-1500 մարդ է բնակվում Սեուտային սահմանակից թփուտներում եւ անտառներում՝ այնտեղ տեղափոխվելու համար հարմար պահի սպասելով։ Որպես կանոն՝ Մարոկկոյի տարածքում եւս այդ մարդիկ ապօրինի են գտնվում։

Սեուտան Իսպանիայի ինքնավար քաղաք է, որը գտնվում է Մարոկկոյի հյուսիսային ափին։