Կրյուգերի ազգային պարկում (ՀԱՀ) կոկորդիլոսի վրա են հարձակվել 2 գետաձիեր, որպեսզի գիշատչից խլեն գնու այծքաղին: Արտասովոր միջադեպը նկարահանել է 72-ամյա թոշակառու Մերվին Վան Վիկը, որը կնոջ հետ ճանապարհորդել է արգելոցում: Այս մասին հայտնում է Lenta-ն:

Հոլովակում կոկորդիլոսը բռնել է հոտից ետ մնացած այծքաղի հետեւի ոտքը: Վան Վիկի խոսքով՝ սողունը 8 րոպե փորձում էր իր զոհին ջուրը քաշել: Արդյունքում՝ ուժասպառ եղած կճղակավորին օգնության են հասել 2 գետաձիեր: Նրանք աննկատ կոկորդիլոսին են մոտեցել ետեւից, իսկ հետո հարձակվել են նրա վրա՝ ստիպելով գնուին բաց թողնել:

Հոլովակի նկարագրության մեջ նշվում է, որ գետաձիերի արարքն ամենեւին չի վկայում, որ նրանք խղճացել են այծքաղին: Ավելի շուտ, պարզապես նկատել են կոկորդիլոսին եւ որոշել են, որ կճղակավորը իրենց տարածք է մտել, ուստի նրան ջրից քշել են: