Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ուրախ են, որ ուսումնական տարին սկսվել է եւ նրանք այսօրվանից դպրոց են հաճախելու: Սակայն, նրանց վախեցրել է նոր առարկաների ու գրքերի քանակը. նախորդ տարվա առարկաներին ավելացել է եւս 3-ը:

«Երեկ գրքերի քանակը տեսնելով տրամադրությունս ընկել էր, բայց այսօր դպրոց եկա, տեսա ընկերներիս ու ուրախացա: Այս տարի ավելացել է Հասարակագիտություն, Անատոմիա եւ Նախնական զինվորական պատրաստություն առարկաները: Բայց կարծում եմ, որ լավ կլինի, կսկսենք սովորելը եւ ամեն ինչ կհարթվի»,-ասում է Ամալյա Սարգսյանը:

Նույն դասարանի աշակերտուհի Ալինա Հովհաննիսյանը եւս անակնկալի է եկել տեսնելով իրենց բաժանված գրքերի քանակը, սակայն, նա էլ է վստահ, որ կարողանալու են հաղթահարել դժվարությունները. «Կան դասագրքեր, որ անհասկանալի են մեր համար՝ վարժաությունները, տեքստերը, բայց մեր ուսուցիչներին ենք դիմում բացատրում են, հասկանում ենք: Կարծում եմ, որ այս տարի էլ կհանդիպենք նույն խնդիրներին, բայց կբացատրեն, կհասկանանք»: