ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այս պահին արտակարգ իրավիճակ է, իրապապահները շների օգնությամբ ռումբ են որոնում:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ լուրեր կան, որ ռումբ տեղադրելու ահազանգ հայտնողին, ըստ նախնական տեղեկությունների, հայտնաբերել են, եւ նա նախարարության աշխատակից է:
Այս պահին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Նրանք շների օգնությամբ ռումբ են փնտրում, իսկ նախարարության աշխատակիցներին տարհանել են ժամը 10։30-ի սահմաններում։
Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Բադալյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին սակրավորներն ու կինոլոգներն աշխատում են ներսում, նախարարության 5 հարկերից 4-ն արդեն ստուգվել է եւ ռումբ չի հայտնաբերվել. «Սենյակ առ սենյակ ստուգում ենք»:
Հարցին, թե վտանգավոր չէ, որ մարդիկ այդքան մոտ են գտնվում շենքին, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Եթե իհարկե, ռումբ կա»: Նա չբացառեց, որ հնարավոր է, ինչ-որ մեկը ցանկացել է խաթարել նախարարության աշխատանքը:
Դրսում հերթապահություն է իրականացնում շտապօգնության մեկ մեքենա:
Իր հերթին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգից հանվել է Տրանսպորտի, կապի եւ նախարարությանը վերաբերող հարցերը: A1plus.am-ի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ նախարարության շենքում ըստ ահազանգի՝ ռումբ է տեղադրված, հայտարարված է արտակարգ դրություն, ամբողջ անձնակազմը տարհանված է, և այդ պատճառով նախարարությունից որևէ մեկը ներկա չէ նիստին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Աշխատակիցներին տարհանել են:











