Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հերթական պիկետն է անցկացրել Փաստաբանների պալատի դիմաց:
Փաստաբաններն այսօր Պալատի նախագահ են ընտրում: Միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Ուշագրավ է, որ ընտրության եկած փաստաբաններից եւ ոչ մեկը շենքի դիմաց պառկած Գասպարիից չհետաքրքրվեց, թե ինչի դեմ է նրա բողոքը: Փաստաբանները միայն լուռ ընթերցում էին Գասպարիի պահած պաստառն ու հեռանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդգես Գասպարին հայտնեց, որ մինչեւ քվեարկության ավարտը մնալու է Պալատի դիմաց:
«Ես փորձում եմ փաստաբաններին տեղեկացնել մեկ քաղաքացու կարծիքը: Իմ գնահատմամբ, Փաստաբանների պալատը շատ կասկածելի է, այն ավելի շատ նման է դատախազության գաղտնի գործակալության: Ես ունեմ օբյեկտիվ փաստեր, որովհետեւ երբ հերթական շինծու գործով ինձ ու իմ 3 փաստաբաններին հեռացրին դատարանի նիստերի դահլիճից, հանրային պաշտպան գործուղվեց՝ հատկապես կարեւոր գործերով քննիչ Լյուդվիգ Ավետիսյանը: Դրա համար շատ կասկածելի է՝ սա Փաստաբանների պալա՞տ է, թե՞ դատախազության գործակալություն»,- ասաց Գասպարին:
Դիտարկմանը, թե անցնող փաստաբաններից եւ ոչ մեկը չի հետաքրքրվում, թե որն է նրա բողոքը, Վարդգես Գասպարին պատասխանեց. «Այստեղ կա մի հանրություն, որը միավորված է մեկ անձի եւ մեկ կարծիքի շուրջ, եւ ամբողջը հենց այդ մեկ անձն է որոշում՝ այս հիմնարկի ղեկավարը: Բոլորն անխոս նրան են ենթարկվում»:











