Պալիատիվ բժշկությունը շատ լավ է, բայց ինչպես միշտ մենք ունենք «կոճակն ունենք, մնաց վերարկուն» կարգախոսով. Դուք տեսե՞լ եք, թե մեր շտապօգնության շարքային մեքենաները, ունեն անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում յոդ, բինտ չունեն, ասում են՝ գնացեք բինտը դուք բերեք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա առաջարկեց խնդրին համապարփակ լուծում տալ. «Նախ պետք է շտապօգնության անհետաձգելի դեպքերի համար կանչվող անձնակազմին ապահովենք մնացած դեղորայքերով, անհետաձգելի պայմաններում մարդուն կյանքին վերադարձնելու համար, որովհետեւ ամեն մեկը չի, որ կարող է մեկ կանչ համար վճարել այն մասնավոր կլինիկաներին, որոնք ունեն նվազագույն պայմաններ: Մենք միշտ գալիս ենք խնդրի հետեւից, բուն խնդիրը չլուծելով:
Նաեւ ցանկերը պետք է վերանայվի: Դուք նայե՞լ եք ՔԿՀ-ների բուժկետերում, որոնք անդրջրհեղեղյան հաստատություններ են, եղած սարքավորումները, դրանք 1950-ականների, Էյզենշտեյնի ֆիլմերի սարքավորումներ են: Նախ սկսենք դրանից, շտապօգնությունները ապահովենք անհրաժեշտ սարքավորումներով, նոր միայն անցնենք մնացած խնդիրներին»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Ի պատասխան, առողջապահության փոխնախարար Սերգեյ խաչատրյանն ասաց. «Չեմ կարծում, որ պատկերն այդքան ծանր է, որքան նկարագրվում է: Մեր ցանկերը բավականաչափ ընդարձակ են, դրանք կարող է կատարելագործման կարիք ունեն, բայց գոնե վերջին տարիներին բավական ընդարձակ են այդ ցանկերը: Պալիատիվ օգնությունն այն օգնությունն է, որը տեղի է ունենալու տան պայմաններում, այն հիվանդներին, որոնք, ցավոք, այլ ծառայություններից օգտվել չեն կարող: Այստեղ եւս սահմանել ենք ցանկեր, որ պատշաճ օգնություն ցուցաբերվի: Ձեր ասածն ընդունում ենք, կտեսնենք ինչն է պակաս եւ ձեզ կտեղեկացնեն»:











