Երեւանի ավագանու հերթական նիստն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, անցնում է լարված մթնոլորտում:
NEWS.am-ի թղթակիցը Երեւանի քաղաքապետարանից հաղորդում է, որ ավագանու Հանրապետական խմբակցության անդամները, մասնավորապես «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանը հեգնում է «Ելք» խմբակցության անդամներին՝ Անահիտ Բախշյանին դիմելով «պարոն»-ով, ապա նաեւ ասաց «լսի, Անո»:
Այս փաստը վրդովվեցրեց ընդդիմադիր խմբակցության անդամներին: «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը փորձեց կարգի հրավիրել Արմեն Սահակյանին, նրան դիմելով «արա»-ով: «Ստեղ քեզ մի քիչ կոռեկտ պահի, հետո հարցերիդ կպատասխանեմ»,-ասաց նա:
«Ելք»-ի անդամները Տարոն Մարգարյանին հորդորեցին կարգի հրավիրել իրենց խմբակցության ներկայացուցչին, սակայն Արմեն Սահակյանը ոչ մի հետեւություն չարեց, նա շարունակում է ռեպլիկներ թողնել:
Ստեղծված իրավիճակից բորբոքված՝ Տարոն Մարգարյանը կոչ արեց ավագանու բոլոր անդամներին նիստի ժամանակ զսպվածություն ցուցաբերել:











