Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ երկրից արտագաղթում են իշխանությունից հիասթափվելու պատճառով։ Չնայած այս  համոզմունքին՝  Սահակյանը պնդում է, որ ՀՀԿ-ն պետք է շարունակի ղեկավարել, իսկ երկրի կառավարումը ուղղորդի Սերժ Սարգսյանը։ NEWS.am-ի հարցին՝  արդյոք դա չի նշանակում, որ եւս  350 հազար քաղաքացի է արտագաղթելու Հայաստանից՝ ինչպես եղել է  վերջին տասը տարվա ընթացքում, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Դա մի այլ թեմա է, որի մասին  կարելի է խոսել, մի երկու բառով ասեմ, մեր ժողովուրդը նոր տեսավ ամբողջ աշխարհը եւ կարողացավ իր որդիներով  ու բարեկամներով տեսնել։ 90-95 թվականներին 800 հազար հայ երկիրը լքեց, այն էլ այն դեպքում, որ ողջ ժողովուրդը կանգնած էր անկախության ճանապարհին։ Մի մասը գնաց, որպեսզի լավ ապրի, մի մասը  էստեղ շատ լավ էր ապրում, տեսավ իր ընկերը, եղբայրը էնտեղ է, ասեց՝ ունեցածս ծախեմ  գնամ էնտեղ ու ինչ, որ ունեմ 5 տարվա մեջ տասնապատիկը կունենամ, կան մարդիկ, որ հիասթափված իշխանություններից կամ իրենց գործերը չի կարգավորվում դրա համար հեռացան»։

Գալուստ Սահակյանը վրդովված  հավելեց, որ ժողովուրդը դեռ չի  տպավորվում անկախությունից։

«Մեր ժողովուրդը դեռ չի հասկացել՝ անկախությունն ինչ բան է, ինչի համար է ինքը պայքարում։ Այսօրվա ժողովուրդը տպավորված չէ՝ անկախ երկիրն ինչ է, ինչի համար է, բոլորը մտածում են՝ իրենց որդիները դառնան մեծահարուստներ, գիտնականներ ինժիներներ»։