«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր գործունեությունն ուղղված չէ կոնկրետ անձերի դեմ: Այս մասին սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմություն հասկացությունը չպետք է խեղաթյուրված ընկալել, որպես իշխանությունների հետ անձնական հաշիվներ մաքրելու փորձ եւ առավել եւս՝ անձամբ առաջին դեմքերի հետ: «Ծառուկյան» դաշինքը եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող են լավ հարաբերություններ ունենալ ամենատարբեր գործիչների հետ: Սակայն սա մեզ չի խանգարում ազատ արտահայտվել այն մասին, ինչը մեզ մտահոգում է եւ չի բավարարում: Մեր խոսքում եւ գործողություններում, ինչպես նաեւ Ծառուկյանի գործողություններում մի փնտրեք անձնական վեճեր հրահրելու փորձեր, ինքնանպատակ քննադատության փորձեր: Սա անպտուղ ուղի է»,- նշեց Էնֆիաջյանը: