Նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին եւ գիտության ու կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԲՈՒՀ–ի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով:
«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ եւս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լեւոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաեւ մշակն էր այդ գաղափարի, եւ կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը:
Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ եւ այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ եւ գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ եւ հմուտ ու մեծ մասնագիտական եւ քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ եւ ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել:
Գիտեք, իմ կարծիքով, բարձրագույն ուսումնական հաստատության գնահատականը ունի առնվազն երեք բաղադրիչ. դրանցից մեկը, իհարկե այն է, թե ի՞նչ որակի քաղաքացի է շարունակում դաստիարակել բուհը, եւ նրա շրջանավարտը ի՞նչ որակի քաղաքացի է դառնում, ինչքանո՞վ է կապված իր հայրենիքին, որքանո՞վ ունի ժամանակակից մտածելակերպ: Երկրորդ բաղադրիչը, իմ կարծիքով, այն է, թե համալսարանի շրջանավարտը այնուհետեւ ինչպիսի մասնագիտական գործունեություն է ծավալում: Նա խնդիր ունի՞ աշխատանք գտնելու, թե՞ նրա գիտելիքները բավարար են այսօրվա պայմաններում գտնելու իրեն գոհացնող աշխատանք: Եվ երրորդ բաղադրիչը, բնականաբար, այն է, թե պրոֆեսորադասախոսական կազմը ինչպիսի՞ գիտական գործունեություն է ծավալում: Ես կարծում եմ, որ այս երեք բաղադրիչներն էլ համալսարանում առկա են՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համալսարանը մի յուրահատկություն ունի, եւ այդ յուրահատկությունը, որը միգուցե առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ՝ հայապահպանության այն գործն է, որ համալսարանն իրականացնում է: Տարօրինակ է, չէ՞, շատերի համար՝ Հայ-ռուսական համալսարան, բայց նշում եմ հայապահպանության գործոնը: Ես սա ասում եմ, որովհետեւ այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում եւ ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները եւ այնուհետեւ ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաեւ հայ: Սա չափազանց կարեւոր առաքելություն է համալսարանի համար:
Ուզում եմ մեկ անգամ եւս սրտանց շնորհավորել բոլորիդ եւ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համալսարանը հետագա տարիներին եւս լինի լավագույնների շարքում, եւ եթե մենք բոլորս միասին նշելիս լինենք Հայ-ռուսական համալսարանի 50-ամյակը, ապա ասենք, որ 20-30 տարի առաջ մենք փոքր էինք, թույլ էինք, իսկ այսօր հզոր ենք, լավն ենք եւ բոլորս միասին աշխատում ենք ոչ միայն քաղաքացի դաստիարակելու, գիտելիք տարածելու, այլ նաեւ հայ-ռուսական բարեկամության օգտին, որովհետեւ այս համալսարանը հանդիսանում է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցության լավագույն օրինակներից մեկը»,- իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախքան գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը Հանրապետության Նախագահը Երեւանի քաղաքապետի, կրթության եւ գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայ-ռուսական համալսարանում, ծանոթացել ժամանակակից եւ որակյալ կրթության ապահովման նպատակով բուհում ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաեւ Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքն ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցը:











