Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը տեղյակ չէ, որ նախօրեին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խմբակցության պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
«Ես տեղյակ չեմ ես երեկ եղել եմ ուրիշ միջոցառման»,- այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Կարինե Պողոսյանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ իր եղբայր Գագիկ Պողոսյանը հրաժարական տվեց Արտաշատի փոխքաղաքապետի պաշտոնից, նա պատասխանեց, թե որոշումը եղբայրն է կայացրել եւ ճիշտ կլինի հարցն ուղղել նրան:
Անդրադառնալով իր եւ Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար, նաեւ քաղաքապետի ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանի հարաբերություններին, Կարինե Պողոսյանն ասաց, թե նրա հետ նորմալ հարաբերություններ ունի: Հարցին, թե հնարավո՞ր է նրան սատարեք ընտրություններում, պատգամավորը արձագանքեց, թե այս պահին այդ հարցին չի պատասխանի:
Ի դեպ Կարինե Պողոսյանը տեղեկացրեց, որ Գագիկ Պողոսյանն առաջիկայում այլ աշխատանքի կանցնի, իսկ թե որտեղ՝ չմանրամասնեց:
Նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքը այս պահին քննարկում է Արտաշատի ընտրություններին մասնակցել- չմասնակցելու հարցը, եւ մինչեւ առաջադրումների ավարտը կհայտարարեն այդ մասին:
Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Կարինե Պողոսյանի եղբայրն է: Նրանք նախկին վարչապետ Հովիկ Աբրահայանի զարմիկներն են:
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանի՝ Արտաշատի քաղաքապետի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գագիկ Պողոսյանը: Վերջերս նա հրաժարական ներկայացրեց, որից հետո ՀՀԿ-ն որոշում կայացրեց Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար նշանակել Կարեն Բենիամինյանին: Ի դեպ, վերջինս Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն է:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է:











