Քիրքուքի բնակիչները զինվում են եւ պատրաստվում են պաշտպանել քաղաքը, եթե իրաքցի զինվորականները հարձակում սկսեն, հայտնում է Sky News Arabia–ն։

Հաղորդվում է, որ քաղաքում զինված են գրեթե բոլոր տղամարդիկ, նրանք ինքնապաշտպանություն են կազմակերպել քաղաքի թաղամասերում։ Քաղաքաբնակները կրակ են բացել փեշմարգայի աշխարհազորայինների ուղղությամբ, որոնք նախկինում առանց մարտի հանձնել էին որոշ առանցքային ռազմական եւ  նավթային օբյեկտներ քաղաքի արվարձաններում եւ շարասյունով անցել էին Քիրքուքով։ Ընդ որում, քաղաքում կարծում են, որ իրաքցի զինվորականները մտադիր են գրավել բոլոր առանցքային նավթային, գազային եւ ռազմական օբյեկտները եւ արգելափակել Քիրքուքը։ Քաղաք մտնել զինվորականները չեն պլանավորում։

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին  ուժայիններին հրամայել էր Քիրքուքի նահանգում ապահովել ռազմաբազաների եւ պետական օբյեկտների անվտանգությունը, Բաղդադի եւ քրդական ինքնավարության միջեւ Քիրքուքի շուրջ պայքարը սրվել էր սեպտեմբերի 25-ին Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո։ Երկուշաբթի գիշերը վարչապետ Հայդեր ալ Աբադին կարգադրել էր նահանգում անվտանգության վերականգնման գործողություն սկսել։