Քանի՞ երկրում կա Ձեզ նման նախարար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին:

Նշենք, որ Հրայր Թովմասյանն իր խոսքում նշել էր, որ շատ քիչ երկրներում է, որ պատգամավորներն իրավունք ունեն անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ:

«Երբ օրինակներ են բերվում, թե քանի երկրում կա էսպիսի բան, քանի երկրում կա էնպիսի բան, ապա քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, ոչ մի: Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի: Քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով եւ քաղաքական մեծամասնության իրավունքներն անսահմանափակ չեն: Դուք չեք կարող ասել՝ մենք մեծամասնություն ենք եւ ինչ ուզում՝ անում ենք»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով, Հրայր Թովմասյանը սխալ է մեկնաբանում օրենքը. «Չգիտեմ՝ ով է Ձեզ դաս տվել, ով է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միտքը գիտի, որ քաղաքական մեծամասնության իրավունքները  սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով:

Երկրորդ, մեզ մի ցույց տվեք սահմանադրության այս կամ այն հոդվածը, մենք գիտենք մեր իրավունքները: բայց մենք քաղաքական հարց ենք բարձրացնում: Մենք ասում ենք՝ ժողովուրդ, եթե ուզում եք երկխոսություն, ուզում եք երկիրն առաջ շարժվի, ուրեմն պետք է ընդդիմության ներկայացրած նախագծերը նույնպես քննարկվեն ու ընդունեն: Սրանք չեն սպառնում ձեր իշխանությանը, ու զարմանալի է, որ միշտ ասում եք՝ չի լինի: «Ելք» դաշինքի բոլոր նախագծերը մերժվել են: Դուք սկսել եք դեստրուկտիվ, ասում եք՝ մենք շատ ենք, մենք այսպես ենք մտածում եւ վերջ: Սա ձեւ չի»,-ընդգծեց «Ելք» խմբակցության պատգամավորը: