Մադագասկարի իշխանությունները ժանտախտի համաճարակի պատճառով քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել Ֆամադիհանից՝ հանգուցյալների հետ ազգականների ծիսական պարեր, հայտնում է  Daily Mail-ը:

«Եթե մարդը մահացել է թոքի ժանտախտից, իսկ այնուհետեւ նրա շիրիմը բացում են Ֆամադիհան անցկացնելու համար, ապա ինֆեկցիան կարող է անցնել մարմնի հետ շփվողներին»,- հայտարարել է Առողջապահության նախարարության շտաբի ղեկավար Վիլի Ռանդրիամարոտիան:

ԱՀԿ տվյալներով՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 20-ը Մադագասկարում գրանցվել է ժանտախտով վարակված լինելու կասկածանքով 1153 դեպք, որոնցից 300-ը հաստատվել է լաբորատոր թեստերով: Հիվանդության հետեւանքով մահացել է 94 մարդ: Ժանտախտը տարածվել է կղզու 114 շրջաններից 37-ում:

Ֆամադիհանը մեռյալներին հարգելու ծիսական արարողակարգ է, որի ժամանակ հանգուցյալներին գերեզմաններից հանում են, փոխում նրանց պատանը, բռնում ձեռքերից եւ նրանց հետ պարում, այնուհետեւ կրկին շիրիմի մեջ են դնում:

Տեղական հավատալիքների համաձայն՝ մարդը հանդերձյալ աշխարհ է անցնում միայն այն ժամանակ, երբ նրա մարմինը լիովին քայքայվում է, իսկ մինչ այդ անհրաժեշտ է, որ նա պարբերաբար «զվարթանա» ազգականների եւ մտերիմների հետ շփվելով: