Արտակարգ  իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով պաշտոնյաների որդիներն էլ բանակ կզորակոչվեն, եթե առողջ լինեն:

«Այս օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության սկզբունքի խնդիրը, այլ նաեւ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով եւ ժամկետային ծառայության պահպանման  պայմաններում սա որոշակի կարգավորում է»,-այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, առաջարկվող փոփոխությունների համար ամենաշատ ուրախացող մարդկանցից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Մեր հարցին՝ ինչը նպաստեց, որ այդ օրենքն ի վերջո ընդունվի, քանի որ տարիներ շարունակ այդ թեման չարչրկվել է, բայց այսպես էլ տարկետման իրավունքը չէր հանվում, Տոնյանը պատասխանեց. «Դրան նպաստում է այն, որ այսօր կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրը, մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համամիտ է այդ նախագծին»:

Հիշեցմանը, որ նախորդ խորհրդարանում էլ էր ՀՀԿ-ն մեծամասնություն, Տոնյանն արձագանքեց, որ նախորդ անգամ հարցը չի բարձրաձայնվել, օրենսդրական նախաձեռնություն չի եղել:

Դավիթ Տոնոյանը մտահոգություն չունի, որ ուսման տարկետումը հանելուց հետո արտագաղթը կարող է ահագնանալ. «Միանշանակ, ոչ, որովհետեւ բանակում ծառայելը չի կարող նպաստել արտագաղթին... Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար ոչ մտահոգ պարդիկ.... էլ չշարունակեմ»:

Դիտարկմանը, թե ուզում էր ասել՝ իր նշած մարդիկ պետք է արտագաղթե՞ն, Դավիթ Տոնոյանն ասաց. «Դուք ասացիք... ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Եթե կան մարդիկ, որոնք երկրի անվտանգությունը չապահովման պատճառով մեկնում են, այդ խավը ընդունելի չէ մեզ համար»: