Կարծում եմ՝ 2018 թվականի ապրիլին մեր կուսակցությունում կքննարկենք վարչապետի խնդիրը, որովհետեւ ակնհայտ է, որ վարչապետի խնդիր է դրվելու նոր կառավարման համակարգի անցնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն՝ արձագանքելով, լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շատ հանրապետականների համար Սերժ Սարգսյանն անփոխարինել է, եւ հենց նա պետք է լինի 2018 թվականի վարչապետը:
«Հանրապետության նախագահը որպես իմ ղեկավար, որպես անվտանգության երաշխավոր կատարում է իր բոլոր գործառաույթները»,-ասաց նա: Հարցին՝ նշանակո՞ւմ է, որ Ձեզ համար էլ Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության երաշխավորման տեսանկյունից անփոխարինել է, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե: Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարագավորման հարցում չկա մեկ այլ անձնավորութուն, որ այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացն, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը եւ այլն, եւ այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության հարցերում բավականին հզոր մեկը»:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին, նախարարն ասաց, թե իր գնահատմամբ՝ լավ է աշխատում. «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ թողնում ու անձնավորում եք»,- նեղսրտեց Հրանուշ Հակոբյանը:











