Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Լոռու մարզի Օձուն համայնքում առաջադրված երեք թեկնածուներից գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը՝ ով ստացել է 6226 ընտրողներից 1885-ի ձայները: Նրա մրցակից, անկուսակցական, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի ղեկավար Բարսեղ Այվազյանը ստացել է 1 852 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված Դոնար Հախինյանը ստացել է 64 քվե: Վերջինս հայտարարել է, որ իր քարոզարշավին խոչընդոտել են: Ի դեմ, Դոնար Հախինյանն, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզում համայնքապետի միակ կին թեկնածուն է:
Նույն մարզի Ախթալա համայնքում երեք թեկնածուներից հաղթանակ է տարել Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արկադի Թամազյանը: Նա ստացել է 5 345 ընտրողներից 1550-ի կողմ ձայները: Իսկ ահա Ախթալայի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը, ով նախկին բոլոր ընտրություններում հաղթել էր իր մրցակիցներին, այս անգամ ստացել է 1374 քվե, Երրորդ թեկնածուն՝
Ախթալայի նախկին քաղաքապետ, ինքնաառաջադրված անկուսակցական Սուրեն Թամազյանն էր, ով ստացել է 287 ձայն:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված, Լոռու մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Ալավերդիում ընտրողների թիվը կազմում է 19 412:
Նույն մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: Նա միակ թեկնածուն էր եւ ստացել է 15 162 ընտրողներից միայն 5 028-ի կողմ ձայները:
Մարզի Տաշիր համայնքում 4 484 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ Էդգար Արշակյանը:
Լոռու մարզի Մեծավան համայնքում առաջադրված երեք թեկնածուներից հաղթանակ է տարել Սերյոժա Վարդանյանը, ով ստացել է 5 181 ընտրողներից 1072-ի ձայները:
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում գյուղապետ է ընտրվել Մհեր գեւորգյանը, ով ստացել է 6731 ընտրողներից 2 675-ի կողմ ձայները: Նրա մրցակից Խաչիկ Վարդանյանն ստացել է 1420 ձայն:
Մարզի Շնող համայնքում հաղթանակ է տարել Դավիթ Ղումաշյանը, ով ստացել է 3 161 ընտրողներից 1558-ի ձայները: Նրա մրցակից Լեւոն Հոբոսյանն ստացել է 748 քվե:
Լոռու մարզի Սարչապետ, Լոռի բերդ եւ Մարգահովիտ համայնքներում եւս ՏԻՄ ընտրություններ են կայացել, որտեղ միակ թեկնածուները ընտրվել են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է 243 335 ընտրող, կամ` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ըստ նախնական արդյունքների, որպես կանոն ընտրվել են ՀՀԿ-ի թեկնածուները, իսկ որոշ համայնքներում ինքնաառաջադրված թեկնածուները:
Մասնակցության ամենաբարձր՝ 78.33 տոկոս ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում: Իսկ ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 տոկոս, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում:
Նշենք, որ ընտրությունների 5-րդ օրը՝ նոյեմբերի 10-ին, կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:











