ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում եւ կարեւորել միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջեւ՝ ընդգծելով, որ ինչ ձեւաչափով էլ դրսեւորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձեւն է միմյանց միջեւ տեղեկատվություն փոխանակելու եւ ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ եւ այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ որ մեր կամքն անբեկանելի է:

Այս ճանապարհին, իհարկե, շատ կարեւոր հանգրվան էր ընթացիկ տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը մեկ անգամ եւս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների եւ ժողովրդի միջեւ, իսկ սա չափազանց կարեւոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին:

Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլեւ համայն հայությունը ձեր կողքին է, եւ այդպես է լինելու մշտապես»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանականների քննարկումների արդյունքներն անհրաժեշտ է պարբերաբար հասցնել նաեւ երկու հանրապետությունների քաղաքացիներին, քանի որ, ըստ Նախագահ Սարգսյանի, մենք ամուր ենք, լավատես ենք, հաստատակամ ենք, եթե մեր քայլերը համահունչ են մեր ժողովրդի ցանկությանը:

Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ ՀՀ ԱԺ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակում Հանրապետության Նախագահի մոտ ավանդաբար հյուրընկալվելը շատ կարեւոր է խորհրդարանականների համար, քանի որ նման հանդիպումները լավ հնարավորություն են համագործակցության օրակարգից բացի անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական թեմաներին, համահայկական նշանակության խնդիրներին: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախ այցերի ժամանակ եւս խորհրդարանականների հետ հանդիպման առիթը բաց չթողնելու՝ Հայաստանի Նախագահի պատրաստակամությունը: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է կառուցողական եւ ջերմ մթնոլորտում ընթացող միջխորհրդարանական այսօրվա նիստում քննարկվող հարցերի մասին:

«Մեզ հրատապ թեմաների շարքից է նաեւ հետսահմանադրական զարգացումները եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում: Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն նախագահ, մենք հիմա շատ կարեւոր փուլ ենք մտել եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում սահմանադրական հանրաքվեներից հետո մեր կյանքի կարգավորումները նոր սահմանադրություններով պայմանավորելու առումով: Թեկուզեւ մենք տարբեր կառավարման մոդելներ ենք ընտրել, բայց այս գործընթացի մեջ ունենք շատ ընդհանրություններ, որովհետեւ անցած ճանապարհն էլ է այդ մասին վկայում: Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից եւ կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում»,- ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: