Գերմանիան ապացույցներ չունի, որ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրիին Սաուդյան Արաբիայում իր կամքին հակառակ են պահում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք ապացույցներ չունենք, որ Հարիրիին Էր Ռիադում պահում են, մենք ենթադրում ենք, որ նա ինքն է իր գտնվելու վայրն ընտրում»,- նշել է նա: ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Բեռլինը կիսում է Էր Ռիադի մտահոգությունները՝ կապված Եմենում Իրանի միջամտության, Սիրիայի նախագահին եւ «Հիզբոլլահին» նրա աջակցության հետ:

Հիշեցնենք, որ Հարիրին Էր Ռիադում գտնվելիս անսպասելի հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Նախօրեին Հարիրիի կուսակցությունը նրան Լիբանան վերադառնալու կոչ էր արել՝ հայտարարելով, որ նրան Էր Ռիադում ուժով են պահում: