Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տալու որոշում է ընդունել  ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշմամբ: Նոյեմբերի 4-ին Թեհրանում այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական Հոսեյն Շեյհոլիսլամը, հայտնում է Mehr գործակալությունը:

«Այս քայլին, որը Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակը սրելու նպատակ է հետապնդում, Հարիրիին դրդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եւ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը»,- նշել է դիվանագետը:

Իր հրաժարականի մասին Սաադ Հարիրին հայտնել է այսօր՝ տեղեկացնելով, որ իր կյանքին վտանգ էր սպառնում: Սաադ Հարիրին իր հրաժարականի հիմնական պատճառ է համարել «Իրանի եւ ի դեմս «Հիզոբոլլահ» շիական շարժման նրա դրածոների միջամտությունը երկրի ներքին գործերին:

Շեյհոլիսլամի հայտարարությունը Թեհանի պատասխանն է Հարիրի արտահայտություններին: Նա շեշտել է, որ «Լիբանանի վարչապետի հրաժարականը Վաշինգթոնի եւ Էր Ռիադի պատասխան քայլն է Սիրիայում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո:

Նրա խոսքով՝ սաուդյան այս որոշումն ուղղված է «Հիզբոլլահի» հետ առճակատմանը: Շիական այս կուսակցության գրոհայինները, որը Լիբանանի կոալիցիոն կառավարության կազմում նրկայացված է 2 նախարարով, մարտնչում են Սիրիայի բանակի կողմում: