Միջնադարյան հայկական վանքերն ասես լանդշաֆտի անբաժանելի տարրը լինեն։ Նրանք ձուլվում են լեռներին այնպես, որ հեռվից չես էլ տարբերում։ Դիրքը, համամասնությունը, գույնը՝ ամեն բան միաձուլվում է տեղի բնապատկերին (ֆոտոռեպորտաժ)։
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվող Որոտնավանքը հայ ճարտարապետության ստեղծագործական գլուխգործոցներից մեկն է։ Այն ասես թե ներաճել է Որոտան գետի կիրճին սեպված փոքր հրվանդանին։
Երբեմնի կրոնական մտքի կենտրոնն այսօր լքված է։ Այստեղ չեն ղողանջում զանգեր, չեն մատուցում պատարագ։ Զբոսաշրջիկներին այստեղ հաճախ չեն բերում։ Կիրճի երկայնքով ավելի հեռուն ընկած Տաթեւի վանքն իր փառքով ստվեր է գցել Որոտնավանքի վրա, բայց ժամանակին հենց այստեղ էր լատիներեն տրակտադները թարգմանում Գրիգոր Տաթեւացին՝ Տաթեւի վանքի հիմնադիրը, ով իր աշխատությունները նվիրել էր իր ուսուցչին՝ Հովհան Որոտնեցուն։
Որոտնավանքի պատմությունն իր արմատներով տանում է Գրիգոր Լուսավորչին։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ առաջին եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, հիմնել էր հենց Լուսավորիչը 4-րդ դարում։ Այնուհետեւ այն վերակառուցել էր ճգնակյաց հայր Ստեփանոսը։ Եկեղեցին ուխտագնացության վայր էր, այն հայտնի էր օձերի խայթոցից բուժելու իր մոգական հատկությամբ։
1000 թվականին Սյունիքի արքա Սմբատ Օրբելյանի կինը՝ թագուհի Շահանդուխտը՝ Բագրատսւնիների տոհմից, Սուրբ Գրիգորի ավերակների կողքին կառուցել է Սուրբ Ստեփանոսի կամարակապ եկեղեցին։ Եկեղեցին ունի երկու կցաշենք, աղոթասրահ եւ գավիթ։
Վանքի բակում Շահանդուխտ թագուհին 8-անկյուն սյուն էր կառուցել՝ գավազան՝ նման նրան, որը կանգնած է Տաթեւի վանքի բակում։ Սյունը եպիսկոպոսների իշխանության խորհրդանիշն է, որը վկայում է այն մասին, որ վանքում ձեռնադրում էին վանականների եւ օծում իշխանների։ Այն ավերվել է 1931 թվականի երկրաշարժից։
1007 թվականին Շահանդուխտի որդին՝ Սյունիքի արքա Վասակի եղբայր Սեւադա իշխանը, կառուցել է Սուրբ Կարապետ եկեղեցին։
Դա խաչագմբեթային տաճար է՝ 3 խորանով։ Եկեղեցին զարդարված է որմնանկարներով։ 2011 թվականին բելգիացի ռեստավրատոր Քրիստին Լամուրեի վերականգնած դրվագներից մեկը պատկերում է աստղազարդ կապույտ երկինք՝ կենտրոնում հրեշտակ։
Երկու եկեղեցիներին էլ ունեցել են գավիթներ, որոնք տեղի իշխանների համար դամբարան էին ծառայում։ Այստեղ են թաղված նաեւ վանքի հիմնադիրներ Շահանդուխտն ու Սեւադան։
Վանքը ենթարկվել է սելջուկ-թուրքերի, Լենկ Թեմուրի ղեկավարած թաթար-մոնղոլների ասպատակություններին։ Դրանից հետո այն մի քանի անգամ վերականգնվել է, սակայն սաստիկ տուժել է 1931-ի երկրաշարժից։ Որոտնավանքում վերջին վերականգնողական աշխատանքներն ընթացել էին 2013 թվականին։
Վանքից քիչ հեռու գտնվում է կամուրջը, որը կառուցվել է 1885 թվականին Մելիք Թանգիի կողմից, որի վերեւում՝ Որոտնաբերդն է։ Ժողովրդի շրջանում այն ստացել է Դավիդ Բեկի ամրոց անունը։
Ասկետիկ լանդշաֆտի եւ վանքի խիստ ուրվագծերի միասնությունը՝ դրոնի կադրերում։











