Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, որով Վայոց ձորի մարզի Փոռ բնակավայրում գտնվող 3 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ շենքը ու դրա զբաղեցրած օգտագործման համար հողատարածքը կնվիրաբերվի Վայք համայնքին:
Արման Սահականի խոսքով, շենքը նվիրաբերում են՝ այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչություն, գրադարան տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու ու մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով:
«Համայնքը պարտավորվել է իրականացնել շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի ներդրում»,-ասաց նա:
«Պարոն Սահակյան, մենք ձեզնից մինչեւ այս տարվա վերջ բավականին շատ գործարքներ ենք սպասում, հուսով եմ, որ հասցնելու եք», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ապա ժպիտով հավելեց. «Եվ դրա հիման վրա կորոշենք 2018 թվականի ձեր պլանը»:
«Եղավ», - արձագանքեց Արման Սահակյանը:











