Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով այսօր՝ նոյեմբերի 24–ին, Շենգավիթի դատարանում սկսվեց ապացույցների հետազոտման փուլը։ Դատարանի դահլիճ բերվեցին իրեղեն ապացույցները, այդ թվում այն տոնածառը, որը Գեւորգ Սաֆարյանը փորձել էր տեղադրել Ազատության հրապարակում, ինչի պատճառով էլ ազատազրկվել է։ Ապացույցների հետազոտությունն ուղեկցվեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի ծիծաղաշարժ մեկնաբանություններով։ Պաշտպանը ի տես բոլորի ցուցադրում էր պլաստմասե խողովակը, բահի պոչը, բարձրախոսը՝ հայտարարելով, որ փաստորեն, ըստ մեղադրողների, դրանցով Սեֆիլյանը փորձում էր զինված հեղափոխություն իրականացնել երկրում։ Այս առարկաների ծագման կապակցությամբ պաշտպանները առարկություն չունեին, սակայն զենքերի հետազոտման կապակցությամբ պաշտպանները կասկածի տակ դրեցին դրանց ծագումը։ Արայիկ Պապիկյանը դատարանին հիշեցրեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանի մեղադրական եզրակացության մեջ որպես իրեղեն ապացույց հիշատակվել է 120 մարտական փամփուշտ, որը հանձնվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ էլ 20–ը գործածել են փամփուշտների պիտանելիությունը ստուգելու նպատակով։ Արայիկ Պապիկյանը հարցրեց՝ ինչպես է ստացվում, որ 20–ը օգտագործվել է, սակայն դատարան ուղարկված տեղեկանքում դարձյալ հիշատակվել է զննության ենթակա 120 փամփուշտի մասին։ «Եթե մեղադրական եզրակացության մեջ ճիշտ է նշված, ես պահանջում եմ փորձաքրեագիտական վարչությունից պահանջել մյուս 20 փամփուշտը»,– հայտարարեց Պապիկյանը։ Ի լրումն վերջինիս խոսքի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ դատարան բերված ինքնաձիգերը սարքին վիճակում չեն եւ չեն կրակում, քանի որ դրանց պիտանելիության վերաբերյալ որեւէ ապացույց չկա։ «Միանշանակ կարող եմ հայտարարել, որ այս ինքնաձիգերը չգիտեմ՝ ումն են, բայց սարքին վիճակում չեն, չեն կարող կրակել, հրազեն չեն, որովհետեւ չունենք ապացույց, կամ որպես կանոն, եթե ինքնաձիգից կրակվում է, ապա պարկուճները դրվում են, որպեսզի ապացույց լինի, որ այդ ինքնաձիգը կրակում է։ Պարոն Պապիկյանը ճիշտ նկատեց, որ դրանց պիտանելիության վերաբերյալ ապացույց պետք է լինի, սրանք չկրակող սարքեր են»։ Պաշտպանները հիշեցրին գործով մեղադրյալ Գալուստ Գալոյանի ցուցմունքները, որտեղ նա նշում էր, որ փամփուշտները եռացրած են եղել ու գործածության պիտանի չեն եղել։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հակադարձեց, թե զենքերի ծագման վերաբերյալ պաշտպանների կասկածները անհիմն են։ Ապացույցների հետազոտությունը կշարունակվի դեկտեմբերի 1–ի նիստում։
















