Ճապոնիայի Տոկուսիմայի պրեֆեկտուրայում կա մի գյուղ, որտեղ ապրում է միայն մի քանի տասնյակ մարդ։ Սակայն բնակավայրը շատ բազմամարդ տեսք ունի։ Ամբողջ գյուղում տեղակայված են բնական մեծության տիկնիկներ, փոխանցում է Nat-geo-ն։
Գյուղում տեղակայված տիկնիկները կենդանի մարդկանց են պատկերում։ Նրանց հեղինակը Այանո Ցուկիմին է՝ այդ գյուղի բնակիչը։ 2002 թվականին 52-ամյա Այանոն տուն էր վերադարձել Օսակայից՝ իր տարեց հոր մասին հոգ տանելու համար։ Նա նկատել էր, թե որքան է փոխվել գյուղն իր բացակայության ժամանակ։ Նախկինում բնակվող 300 մարդու փոխարեն նրան դիմավորել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ Գյուղում Այանոն սկսել է զբաղվե գյուղատնտեսությամբ եւ թռչուններից այգին պաշտպանելու համար որոշել էր խրտվիլակ պատրաստել։ Դա էլ սկիզբ է դրել հավաքածուին, որի նմանն աշխարհում չկա։
Տիկնիկներն ունեն շատ արտահայտիչ դեմքի արտահայություն։ Որոշները հավաքական կերպարներ են, իսկ որոշները ստեղծվել են ի հիշատակ մահացած գյուղացիների։ Տիկնիկների համար որպես նյութ է օգտագործվել բնափայտը։ Իսկ հագուստը տրամադրել են համագյուղացիները։ Տիկնիկներ պատրաստելու համար մի քանի օր է անհրաժեշտ, եւ դրանք ապրում են մոտ 2 տարի։ Քանի որ նրանք բաց տարածքներում են տեղակայված, եղանակային պայմանների պատճառով արագ շարքից դուրս են գալիս։
Գյուղում կա մոտ 350 տիկնիկ։











