Դոնեցկի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Պարասյուկի դեմ ոստիկանին ծեծի ենթարկելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է ոստիկանության մարզային վարչության մամուլի քարտուղար Նատալյա Շիմանը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նախօրեին Մարիուպոլում տեղի է ունեցել Դոնեցկի մարզի Վերաքննիչ դատարանի նիստ, որում վերանայել են խուլիգանական հարձակման մեջ կասկածվող երկու տղամարդու նկատմամբ խափանման միջոցները: Ըստ Շիմանի՝ դատավորների վճիռը հրապարակելուց հետո Ռադայի պատգամավորը հարվածել է ոստիկաններից մեկին եւ վնասել մյուսի տեխնիկան:

«Ժողովրդական պատգամավոր Պարասյուկի կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել», - Facebook-ի իր էջում գրել է նա:

Շիմանն ընդգծել է, որ երկու ոստիկանները գտնվել են ծառայողական պարտավորությունների կատարման մեջ եւ տեսագրել են դատական նիստը՝ հանրային կարգի հնարավոր խախտումները գրանցելու նպատակով։