Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնության ամբողջ փաթեթը պետք է չեղարկել կամ հետ կանչել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը:

Նրա խոսքով, հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և լսել բոլոր կողմերի կարծիքը. «Ոստիկանությունից տվյալներ կան, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների ընդամենը մինչև 11 տոկոսում են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք, որ սա արվում է իբրև թե անվտանգության ապահովման համար: Մենք ցանկանում ենք, որ դա հիմնավորվի»,- ասաց նա:

Նախաձեռնության համակարգողներից մեկն էլ նշեց. «Անվտանգության առումով հարց չի կարող լինել, որովհետեւ երբ նախագիծը դրվեց քննարկման, ոստիկանությունը դեռ տվյալներ չէր հրապարակել, թե որքան է աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը եւ դրանցում քանի տոկոսում են մեղավոր աջ ղեկով մեքենաների վարորդները:

Հաջորդ պատճառը, ԵՏՄ համաձայնագիրն է, որը նույնպես հիմնավոր պատճառ չէ, որովհետեւ ԵՏՄ անդամ ամենամեծ երկիրն իր մոտ նման սահմանափակումներ չունի: Եթե ընդուներ էլ, չեմ կարծում, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ է տալիս նման որոշումներ կայացնել: Ես գնել եմ այդ մեքենան եւ եթե ցանկանամ վաճառել, չեմ կարողանալու դա անել, ինչը սեփականության իրավունքի սահմանափակում է»,-ասաց նա:

Քննարկմանը մասնակցող վարորդներից Վահան Հովսեփյանն էլ նշեց. «Նախ, գույքի օտարման իրավունքի սահմանափակումը հակասահմանադրական է: Ցանկացած քաղաքացի իրավունք ունի օտարել իր գույքը, պետությունը չի կարող արգելել կամ թույլատրել, միայն կարող է գրանցել այդ իրավունքի իրացումը:

Երկրորդ, միգուցե, այո, աջ ղեկով մեքենաների դեպքում՝ տեսանելիությունը խանգարում է, բայց ճանապարհային երթեւեկության անվտանգությունը միայն տեսանելիությամբ չի որոշվում, կան նաեւ այլ չափանիշներ եւ այդ չափանիշները հաշվի առնելու դեպքում՝ շատ դեպքերում աջ ղեկով մեքենաներն ավելի անվտանգ են: Աջ ղեկով շատ մեքենաների արգելակման համակարգն ավելի անվտանգ է, քան «Լադա»-ի կամ «Պրիորա»-ի»:

Կամ, ինչո՞ւ ենք վերցնում Ղազախստանի եւ Բելառուսի օրինակը, որտեղ աջ ղեկով մեքենաներն արգելված են, եւ չենք վերցնում ասենք Ռուսաստանի կամ Ղրղզստանի օրինակը, որտեղ դրանք թույլատրված են: Առանց ուսումնասիրություններ կատարելու նման նախաձեռնությունն ամենաարդիակա՞նն է մեր տրանսպորտային երթեւեկության անվտանգության խնդիրների մեջ, այլ հարց չունե՞նք»,-ասաց նա:

«Լոգոս» ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանն էլ նկատեց, որ այսօր Ճանապարհների անմխիթար վիճակը, գծանշումների թերությունները ավելի շատ են վտանգում երթեւեկությունը, քան աջ ղեկով մեքենաները. «Օրինակ, 2005 թվականի արտադրության աջ ղեկով մեքենան ավելի լավ որակի է, անվտանգության առումով տեխնիկապես ավելի լավ է զինված, քան նախկին ԽՍՀՄ տարիների մեքենաները, որը հիմա ԵՏՄ-ի շրջանակներում հրում են Հայաստանի վրա, որ առնենք, գնանք գլուխներս ուտենք: Դուս եկեք փողոց ու տեսեք, թե ովքեր են ավելի շատ անպարկեշտ վարող վարորդները՝ երթուղայինները, տաքսիները, նաեւ ՃՈ մեքենաները»:

Սրան նախարար Մարտիրոսյանը հակադարձեց. «Կապ չունի աջ ղեկ է քշում, թե ձախ ղեկ, եթե խախտում է, խախտում է: Դա վարորդի խնդիր չի, վարորդի խնդիր չկա»:

Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց փաստարկն այն է, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթեւեկությունը, դա նշանակում է, որ պետք է լինի ձախակողմյան ղեկանիվ. «Այն սխալմունքը, որ ժամանակին թույլ է տրվել, այսօր կարող ենք կանխել»,-ասաց նա, ինչին ներկաներից մեկը հակադարձեց. «Եթե դա խախտում եք համարում, դրա պատասխանատվությունը վարորդները չպետք է կրեն: Մարդիկ հարկեր են վճարել, վճարումներ են արել, ու հիմա պետությունը խլում է իմ սեփականության իրավունքը»:

Նրա խոսքով՝ վարորդների 90 տոկոսը ընտրել է ձախ ղեկը: «Ընդունե՛ք մեծամասնության ընտրությունը», - ասաց նախարարը` չհստակեցնելով, թե որտեղից նրան այդ տվյալները, որ ձախ ղեկով մեքենաների տերերն իրենց ընտրությունը կատարել են գիտակցաբար, ոչ թե հանգամանքների բերումով: «Որքան էլ հակափաստարկներ բերեք, ինչ էլ անեք, դա այդպես է»,- ասաց Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, նա խոստացավ կառավարությանը փոխանցել ներկայացված առաջարկները՝ մասնավորապես, գույքային իրավունքների պահպանման խնդրի շուրջ՝ ոչինչ չխոստանալով: Նախարարը հավաստիացրեց, որ բոլոր խելամիտ առաջարկները հաշվի կառնվեն:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վաղը եւեթ առաջարկները կներկայացնի կառավարությանը, իսկ պատասխանը կլինի հաջորդ շաբաթվա սկզբին:

Քննարկման ընթացքում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներից մեկը առաջարկեց նախարարին նստել իր աջակողմյան ղեկով ավտոմեքենան եւ համոզվել, որ անվտանգ է, ինչին նախարարն արձագանքեց. «Ես հո կամիկաձե չեմ՝ նստեմ ձեր կողքին»։