Այսուհետ խաչմերուկների տեսախցիկները ոչ միայն ճանապարհատրանսպորտային կանոնների իրավախախտումները կֆիքսեն, այլեւ կունենան մեկ ուրիշ գործառույթ:
ՃՈ պետ Եգոր Կարապետյանն այս առնչությամբ նշեց, որ դա ուղղված է լինելու Երեւանի խաչմերուկներում որոշակի ժամերին խցանումները նվազեցնելուն. «Տեսախցիկների միջոցով օնլայն կարգով կարող են հետեւել երթեւեկությանը եւ հարկ եղած դեպքում միջամտել լուսացույցների ռեժիմի աշխատանքներին»:
Համակարգը կիրառվել է Ազատության-Մամիկոնյանց, Ազատության-Նիկողայոս Ադոնցի, Ազատության-Թբիլիսյան փողոցների խաչմերուկներում:
Իր հերթին, «Սեքյուրիթի դրիմ»-ի ԽԱԿ ղեկավար Արսեն Ղազարյանը նշեց. «Նախապես հաշվարկում ենք, թե պիկ ժամին մոտավորապես քանի մեքենա է անցնում խաչմերուկով եւ առավել անցունակություն ապահովելու համար լուսացույցի տեւողություններն ենք հաշվարկում: Հետեւում ենք նոր ռեժիմի եւ փաստացի հոսքերում առաջացող կուտակումների ադապտացիային: Անհրաժեշտության դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի տեւողությունը երկարացնում կամ կարճացնում ենք»:











