ԱՄՆ որոշ նահանգներում արտասովոր բնապահպանական ծրագիր է իրականացվում՝ տոներից հետո ավելորդ եղեւնիները նետում են ջրամբարների մեջ, հայտնում է Nat-geo-ն։

Ի տարբերություն այլ տեսակների՝ եղեւնիները կայուն են ջրի ազդեցության հանդեպ։ Դրա համար էլ ամերիկացի բնապահպանների մոտ հետաքրքիր մտահղացում է առաջացել՝ եթե տոներից հետո ավելորդ եղեւնիները  արհեստական ջրամբարների մեջ նետվեն, դրանք արհեստական ռելիեֆ կստեղծեն։ Դա էլ իր հերթին կօգնի հատակում աճող բույսերի աճին, իսկ շերեփուկները խոշոր ձկներից թաքնվելու հնարավորություն կունենան։

Ռելիեֆ ստեղծելու համար երկու- երեք եղեւնիները պետք է կապել իրար ու դրանց որեւէ ծանրություն ամրացնել՝ հակառակ դեպքում առանձին ծառերը պարզապես կլողան ջրամբարի մակերեսին։ Այս մտահղացումը առաջին անգամ իրականացվել է անցած դարի 90-ականներին ու ստուգումների արդյունքներով պարզվել է, որ այդ ձեւով ստեղծված խութերը դեռ գոյություն ունեն։ Ընդ որում այդ լճերում ձկան քանակն իրոք ավելացել է։ Սակայն բնապահպանները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն անել նման բան, քանի որ ոչ բոլոր ջրամբարներին է պետք  արհեստական ռելիեֆ։ ԱՄՆ-ում կամավորներին հրավիրում են մասնագետների կողմից ընտրված լճեր, իսկ Ռուսաստանում տոներից հետո եղեւնիները կարելի է հանձնել ուտիլիզացման կետեր, որտեղ դրանք նույնպես բնության օգտին են ծառայում։